
Նրանք վերջնականապես կորցրել են ողջամտությունը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերջնականապես կորցրել են ողջամտությունը՝ հայտարարություններ անելով, որոնք Եվրոպան վերադարձնում են էքսպանսիոնիզմի ժամանակներին: Այս մասին նա հայտարարել է Ղրղըզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Լավրովը մեկնաբանել է Մակրոնի և Մերցի համատեղ հոդվածը, որում խոսվում է Եվրոպայի պաշտպանության ուժեղացման անհրաժեշտության մասին, իսկ Ռուսաստանը նշվում է որպես գլխավոր սպառնալիք:
«Մենք զարմանքով լսում և հետևում ենք այն «գուշակություններին», որոնք հնչում են եվրոպական մայրաքաղաքներից։ Ահա վերջերս Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Մերցը համատեղ հոդված են գրել․ «Եվրոպան պետք է զինվի, Ռուսաստանը հիմնական սպառնալիքն է, այն վարում է իմպերիալիստական պատերազմներ. 2008-ին ներխուժեց Վրաստան, 2014-ին՝ Ղրիմ և Դոնբաս, 2022-ին՝ ամբողջ Ուկրաինայի տարածք։ Պուտինի նպատակը եվրոպական անվտանգությունը խարխլելն է», – նշել է նախարարը։
Լավրովի կարծիքով՝ այս հայտարարություններն ըստ էության արտացոլում են Փարիզի և Բեռլինի ձգտումը՝ վերադառնալ Եվրոպայում գերիշխանության պատմական հավակնություններին, առաջին հերթին՝ Ռուսաստանի նկատմամբ։
«Ես կարծում եմ, որ միայն այդ մեջբերումներն այն մարդու համար, ով քիչ թե շատ հասկանում է, թե ինչ է կատարվում Եվրոպայում և հետևում է իրադարձություններին, բավական են հասկանալու, որ այդ գործիչները վերջնականապես կորցրել են ողջախոհությունը և փորձում են անկեղծորեն վերադառնալ այն ժամանակներին, երբ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում էին նվաճել ամբողջ Եվրոպան, առաջին հերթին՝ Ռուսական կայսրությունն ու Խորհրդային Միությունը»,- նշել է Լավրովը:
Դա տագնապ է առաջացնում, հավելել է Լավրովը։ Նրա խոսքով՝ ցավալի է, որ եվրոպական մայրաքաղաքները կրկին առաջնորդվում են «անցյալի բնազդներով»։