
Շարունակում են փոխադարձ հարվածները. զոհերի թիվը` Իրանում և Իսրայելում

Իսրայելն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ հակամարտությունն ընթանում է արդեն չորրորդ օրը։ Պատերազմը սրվում է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և վիրավորների։
Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ երկուշաբթի առավոտյան Իրանի վերջին հարվածների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Բրիտանական Ambrey ծովային անվտանգության ընկերության հաղորդմամբ՝ հրթիռային հարվածից հետո հրդեհ է բռնկվել Հայֆայի շրջանի էլեկտրակայանում։
Տեսանյութում արձանագրվել է, թե ինչպես են իսրայելական զինված ուժերը դիմագրավել հարձակմանը, որից հետո արձակվել են երկու գերձայնային հրթիռներ։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ գիշերային հարվածների հետևանքով երկրի կենտրոնական շրջաններում զոհվել է երեք մարդ, տասնյակները վիրավորվել են։
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 224 մարդ, որոնց շուրջ 90 տոկոսը՝ խաղաղ բնակիչներ։