Հնդկաստանում կործանված ինքնաթիռի ուղևորներից մեկը ողջ է մնացել. մանրամասներ
Լոնդոն թռչող Boeing 787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռի վթարի ուղևորներից մեկը փրկվել է. նա դուրս է թռել ինքնաթիռից։ Տեղեկությունը հայտնում է India Today-ը։ Պարբերականը X-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հրաշքով փրկված ուղևոր Ռամեշ Վիշվաշկումարը քայլում բազմաթիվ մարդկանց ուղեկցությամբ։
Թե ինչպես է տղամարդուն հաջողվել դուրս թռչել, մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ նա եղել է 11A նստատեղում։ Զարմանալի է, որ կործանված ինքնաթիռի ուղևորը լուրջ վնասվածքներ չի էլ ստացել։
Հիշեցնենք` այսօր ուղևորատար ինքնաթիռ է կործանվել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում՝ Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտ։ Նշվում էր, որ ինքնաթիռը կործանվել է բնակելի թաղամասում։ ԶԼՄ–ների տվյալներով` ինքնաթիռը պատկանում է Air India-ին և ուղևորվում էր դեպի Լոնդոն։ Վթարի վայր տանող ճանապարհները փակ են։ Դեպքի վայրում արտակարգ ծառայությունների բրիգադներ են աշխատում:
Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ Օդանավում գտնվողներից 169–ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53–ը՝ Մեծ Բրիտանիայի, 7–ը՝ Պորտուգալիայի, 1–ը՝ Կանադայի: