ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչպես է իր թիմը կարողացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվով հաղթել Միլանի «Ինտերին» (5-0):


«Փարիզցիները տարան իրենց երկար սպասված առաջին հաղթանակը մրցաշարում: ՊՍԺ-ն երբեք չէր հաղթել Չեմպիոնների լիգան, և ես փորձեցի նվազեցնել թիմի վրա ճնշումը հանդիպումից առաջ: «Ինտերը» շատ ուժեղ մրցակից է, բայց մենք հիանալի էինք պրեսինգ անում:


Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ կատարելագործվել է այս մրցաշրջանում: Մենք շատ լավ էինք պատրաստվել հանդիպմանը, կարողացանք բարձր ինտենսիվությամբ պրեսինգ անել:


Ուսման Դեմբելեն անընդհատ ճնշում էր գործադրում «Ինտերի» պաշտպանների և դարպասապահի վրա»,- ասել է Էնրիկեն և հավելել․ «Վերջապես, մենք դա արեցինք, հիանալի զգացողություն է»։

Հավելենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 2024/2025 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակը նվիրել է իր դստերը՝ Քսանային, որը մահացել է օստեոսարկոմայից 2019 թվականին, երբ նա ինը տարեկան էր։


Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո, երբ տոնակատարություններն արդեն սկսվել էին, Էնրիկեն փոխել է իր համազգեստը և խաղադաշտ դուրս եկել դստեր անունով մարզաշապիկով։


«Քսանան ֆիզիկապես այստեղ չէ, բայց նա միշտ ինձ հետ է և վայելում է մեզ հետ անցկացրած ժամանակը», —ասել է Էնրիկեն։



Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։ Սա առաջին դեպքն է, երբ գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում հաղթող թիմը 5 գոլի առավելություն է ունենում։


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ինտերի» նախագահը և մարզիչը մեկնաբանել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությունը։