Թրամփի և Ռամաֆոսայի հանդիպումը լարված մթնոլորտում է անցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այն վերածվել է վեճի՝ Հարավային Աֆրիկայում սպիտակ բնակչության նկատմամբ «ցեղասպանության» վերաբերյալ վիճահարույց պնդումների պատճառով։


Հանդիպման սկզբում մթնոլորտը եղել է հանգիստ։ Թրամփն ու Ռամաֆոսան խոսել են գոլֆի մասին, իսկ վերջինս նշել է, որ Թրամփին նվիրել է 14 կգ կշռող գիրք, որը ներկայացնում է Հարավային Աֆրիկայի գոլֆի դաշտերը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ համավարակի ընթացքում ցուցաբերված աջակցության համար։


Սակայն հանդիպման ընթացքը կտրուկ փոխվել է այն պահից, երբ ներկաներին միացել է Թրամփի խորհրդական, միլիարդատեր Իլոն Մասկը։ Քննարկման հիմնական թեման դարձել է Հարավային Աֆրիկայում ապրող սպիտակամորթ աֆրիկաներների՝ հոլանդական և ֆրանսիական վերաբնակիչների ժառանգների նկատմամբ կիրառվող բռնությունների և «ցեղասպանության» հարցը։


Օվալաձև աշխատասենյակում Դոնալդ Թրամփը ցուցադրել է մի շարք տեսանյութեր՝ հայտարարելով․ «Սա սարսափելի տեսարան է, երբեք նման բան չեմ տեսել»։ Նա նաև ներկայացրել է, իր խոսքերով, սպանված սպիտակամորթ հարավաֆրիկացիների լուսանկարներ։


Ռամաֆոսան հետաքրքրվել է՝ որտեղ է տեսանյութերից մեկը նկարահանվել՝ նշելով, որ նախկինում նման բան չի տեսել։ Նա հավելել է, որ աֆրիկացի ընդդիմադիր գործիչ Ջուլիուս Մալեմայի արտահայտությունները և գործողությունները չեն արտացոլում Հարավային Աֆրիկայի պաշտոնական դիրքորոշումը։


Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հարավային Աֆրիկան ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն ունեն ազատ արտահայտվելու իրավունք, սակայն միաժամանակ նշել է, որ հանցագործության խնդիրը վերաբերում է բոլորին՝ անկախ մաշկի գույնից։


Հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, երբ վերջինս այցով աֆրիկյան երկրներից մեկում էր։


Նա ասել է.«Միացյալ Նահանգները փորձում է կարգավորել ռուս-ուկրաինական հարաբերությունները»։


«Երեկ չէ առաջին օրը ես 2,5 ժամ խոսեցի նախագահ Պուտինի հետ։ Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դա արյունալի սպանդ է։ Ամեն շաբաթ 5000 մարդ է մահանում։ Շաբաթական 5000 զինվոր։ Չհաշված քաղաքներում և գյուղերում զոհվող մարդկանց։ Ահա թե ինչու ենք փորձում օգնել։ Դա մեզ չի վերաբերում։ Նրանք մեր մարդիկ չեն», -ասել է Թրամփը։


Ռամաֆոսան Թրամփին պատասխանել է. «Հիշում եք, երբ նախագահ Զելենսկին եկավ Հարավային Աֆրիկա, այդ ժամանակ ես խոսեցի ձեզ հետ։ Մենք երկուսս էլ համաձայնեցինք, որ պետք է առաջ մղենք խաղաղության գաղափարը, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղության մեջ։ Մենք բավականին երկար ժամանակ ներգրավված ենք ուկրաինա-ռուսական հարաբերություններում, ուստի կարող եմ հիշել միայն երեխաների փոխանակումը (...), և ձեր ձեռնարկած քայլերը: Մենք լիովին աջակցում ենք, կցանկանայինք տեսնել այս պատերազմի ավարտը»։


Թրամփը պատասխանել է, որ զանգահարել է Զելենսկուն, երբ նա Հարավային Աֆրիկայում էր։ Ես զանգահարեցի Զելենսկուն և ինձ ասացին, որ նա Հարավային Աֆրիկայում է։


«Ես հարցրի. «Ի՞նչ է նա անում Հարավային Աֆրիկայում», -նշել է Թրամփը։ Ռամաֆոսան ծիծաղել է և պատասխանել. «Նա մեզ հետ հանդիպման էր»։