Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը

Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկայիս պայմաններում՝ չնայած թուրքական հասարակության մեծ մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին։


367 Եվրախորհրդարանի անդամներ քվեարկել են «կողմ», 74-ը՝ «դեմ» և 188-ը՝ «ձեռնպահ»։


«Եվրախորհրդարանի անդամները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ​​ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջին խաղաղ զանգվածային բողոքի ցույցերի ճնշումը և հարյուրավոր ցուցարարների հետապնդումը շտապ զանգվածային դատավարությունների միջոցով՝ առանց քրեական հանցագործության որևէ ապացույցի», - ասվում է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ՝ Ստրասբուրգում լիագումար նիստում քննարկումից հետո։


Զեկույցի համաձայն՝ «թուրքական կառավարությունը չի կարողացել լուծել հիմնարար ժողովրդավարական թերությունները», ինչը անհրաժեշտ է ԵՄ անդամակցության գործընթացում։


Փաստաթղթի համաձայն՝ թուրքական իշխանությունները «երկիրն ավելի են մղում դեպի լիովին ավտորիտար մոդել»։ Զեկույցում ասվում է, որ ԵՄ անդամակցությունը կախված է որոշակի մուտքի չափանիշների բավարարումից, ինչպիսիք են՝ «կայուն ինստիտուտներ, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնությունների հարգանքը և պաշտպանությունը, բարիդրացիական հարաբերությունները, միջազգային իրավունքի հարգանքը և ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանությունը»։


Սրանք բացարձակ չափանիշներ են, հիշեցնում են ԵՄ խորհրդարանականները։ «ԵՄ անդամակցության չափանիշները բանակցելի չեն», - ընդգծվում է զեկույցում։


Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին, ԵՄ ինստիտուտներին և անդամ պետություններին շարունակել աշխատել «ավելի սերտ, ավելի դինամիկ և ռազմավարական գործընկերության ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններին, էներգետիկ անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությանը և տարածաշրջանային կայունությանը»։


1999 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը ճանաչեց Թուրքիային որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։ Երկրի՝ Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2005 թվականի հոկտեմբերին։ 2018 թվականին ԵՄ խորհուրդը հայտարարեց, որ այդ բանակցությունները կասեցված են։ «Բանակցությունները փաստացի փակուղի են մտել», - ասվում է խորհրդի փաստաթղթում։