
Մենք պառակտված չենք, իրենք են պառակտված․ Աջապահյան

Մենք պառակտված չենք, իրենք են պառակտված, մեզ մի վերագրեք պառակտումը։ Էստոնիայի դեպքով ցույց տրվեց, որ եկեղեցին ամեն դեպքում,օրվա իշխանության նկատմամբ իր լոյալության այն չափաբաժինը, որ պիտի պահի, պահում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով նրան, որ Եկեղեցին մինչ այս պահն էլ պահանջում է վարչապետի հրաժարականը:
«Իշխանությունն է, որ չի պահում: Իշխանությունն է, որ նույնիսկ արարողակարգային հարցերում չի պահում այն լոյալությունը, որ պիտի պահեր: Այո, ասում է՝ ինձ համար անընդունելի իշխանություն է, բայց իշխանություն է: Բայց իրենք ասում են՝ մինչև չխոնարհվեք, մինչև մեզ չասեք, որ մենք լավն ենք, մենք ձեզ հետ չենք շփվի: Մենք դա տեսել ենք: 1975 թվականից ես մտել եմ եկեղեցական ասպարեզ, մինչև 1990 թվական, 15 տարի լիուլի վայելել եմ սովետական կարգերի այդ թշնամական հանդուրժողականությունը եկեղեցու նկատմամբ»,- հայտարարել է նա։
Հարցին՝ Գյումրիում նոր իշխանության օրոք արդեն ինչ-որ բան փոխվե՞լ է, Միքայել Սրբազանն ասաց.
«Դեռ շուտ է, որ ինչ-որ բան փոխվի, ի՞նչ պիտի փոխվի: Հլը թող աշխատի, տեսնենք։ Այս քաղաքը ամեն բանից ոչ ոգևորվողն է, ոչ հուսահատվողն է: Այս քաղաքը այնքան լավ ու վատ բաներ է տեսել: Էս ժողովուրդը այնքան լավ ու վատ քամու, շոգի, ցրտի, տաքի մեջ այնքան է կոփվել, որ իրեն ամեն մի հասարակ բանից հնարավոր չէ հուզել, ոգևորել կամ սառեցնել: Գյումրեցին Հայաստանի մեջ շատ յուրահատուկ տեսակ է։ Շատ հաճխ գյումրեցին ինքն էլ չգիտի այդ մասին, ինքը ուղղակի ապրում է իր կյանքը: Եվ ուրախությունը, և տխրությունը շատ հավասարաչափ ստոիկությամբ տանող մարդ է գյումրեցի»,- հավելել է Աջապահյանը։