
Նոր ճանապարհը կկրճատի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ 3 ենթահատվածների՝ Հյուսիսային ենթահատված, Բարգուշատի թունելի ենթահատված, Հարավային ենթահատված:
Ըստ նախարարի համաձայնագիրը վերաբերում է Հյուսիսային ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը 335 մլն եվրո է, որից 236-ը համաֆինանսավորվելու է Ասիական զարգացման բանկի հետ, այս համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Արդյունքում՝ 1,5-2 ժամ կկրճատի այս ճանապարհահատվածի տևողությունը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ․ նոյեմբերին:
Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում եղել է Մեղրիում ու Թալինում և ունի զգացողություն, որ Հյուսիս-հարավ ճանապարհը շատ արագ տեմպով ընթանում է. «Ես զգացողություն ունեմ, որ Հյուսիս-հարավի հետ կապված մեր պլաններն արդեն գոնե 70-80 տոկոսով առարկայական են դառնում, և արդեն իսկ ունենք շանս՝ լրջագույն և վերջնական իրագործման փուլ մտնելու»:
Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է՝ եթե մինչև այս տարվա վերջ մրցույթի արդյունքում կարողանան կապալառու ներգրավել, ապա Քաջարանից հետո ընկած թունելի և ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ևս կամբողջանան իրենց համար նախատեսված 7 տարվա ժամկետում: