ՄԻՊ-ը՝ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ Կառավարության նիստին է մասնակցել, այդ պատճառով չի կարողացել ծանոթանալ տեղեկատվությանը։


Մանասյանի խոսքով՝ հետագա քայլերը կապված քրեական վարույթ հարուցելու մասով իրենք պատասխանատու չեն. «Երբ վերադառնամ գրասենյակ, կհասկանամ, թե մեր գործառույթների շրջանակներում ինչ անելիքներ կան»։


Ինչ վերաբերում է Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հնչեցրած հայհոյանքներին՝ Մանասյանը նշեց, որ ամենակարևոր օղակներից է համարում պաշտոնյաների էթիկայի և նրանց բարեվարքության ինստիտուտը.


«Չեմ ասի, որ դա ՀՀ-ում գոյություն չունի, միանշանակ կան կառույցներ, որոնք զբաղվում են այս հարցերով։ Ըստ էության՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չէ, որ զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկային վերաբերող հարցերով։ Համարում եմ, որ այդ ինստիտուտը ՀՀ-ում բավարար չափով կայացած չէ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր նման դեպքով էթիկայի հարցը քննարկման առարկա պետք է դառնա»։


ՄԻՊ-ը պնդեց, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մասով բազմաթիվ խնդիրներ կան.«Դրանք վերաբերում են տարբեր ոլորտների, խնդիրների ու դրանք պետք է լուծումներ ստանան»։