
Շահրամանյանը նման խնդրանքով չի դիմել Քոչարյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ունի դիրքորոշում, որը, սակայն, այս պահին նպատակահարմար չի համարում հանրայնացնել։ Այս մասին Ազատության հրապարակում տեղադրված վրանում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունը ձևավորած քաղաքացիները։ Մենք ունենք մեր դիրքորոշումը, որն այս պահին ճիշտ չեմ գտնում հանրայանացնել։ Այո՛, ես ունեմ ՀՀ անձնագիր, սակայն որպես Արցախի պաշտոնյա` կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել»,– պարզաբանել է նա։
Շահրամանյանը նշել է, որ հանդիպել է ՀՀ նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։
Նա նաև հերքել է՝ Ռոբերտ Քոչարյանից ՀԿ-ի համար տարածք չի խնդրել, հետևապես մերժում չի ստացել:
«Ես կաշկանդված չեմ որևէ մեկի հետ հանդիպելու»,– ասել է Արցախի նախագահը։
Նա անդրադարձավ Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային` նշելով, որ ակցիայից անմիջապես հետո Արցախի ՊԲ նախկին ղեկավար, Արցախի ԱԺ Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ քննարկում է ունեցել։ Նա իրեն ասել է, որ որևիցե կապ չունի այդ ակցիայի հետ և համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել։
Իսկ ինչպիսի՞ն են Սամվել Բաբայանի հետ իր փոխհարաբերությունները հարցին Շահրամանյանը պատասխանեց.
«Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը Արցախի խորհրդարանում իր մեծությամբ 2–րդ քաղաքական ուժն է, և մեր հարաբերությունները հենց այդպիսին են»։
Ինչ վերաբերում է արցախցիների վերդարձին իրենց հայրենի հող, ապա Շահրամանյանն ընդգծեց, որ դա իրենց հավաքական վերադարձը միջազգային իրավունք է, և դա պետք է մնա օրակարգում։
«Մենք իրավունք ունենք արժանապատիվ, անվտանգ վերադարձ ապահովելու։ Այդ նպատակով ԱԺ–ի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որը ղեկավարում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Կարծում եմ` նրանք արդյունավետ աշխատանքներ են իրականացնում»,– ասել է Արցախի նախագահը։