
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915 թվականից սկսած մեկուկես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին:
Այս հիշատակի օրը մենք ևս մեկ անգամ միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգում բազմաթիվ կորցրած կյանքերի համար: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք անդրադառնում ենք ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր և հարատև կապերին։
Մենք հպարտ ենք Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը հիմնադրվել է 1915թ.-ին, որը կարևոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կամ կամավոր օգնելու իրենց տներից վտարված հայերին: Այս օրը մենք վկայում ենք ողբերգության դեմ հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին:
Մեր բախտը բերել է, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր ափեր և մեծ ներդրում ունեցել մեր երկրի զարգացման գործում, այդ թվում` պարգևատրված զինվորներ, էստրադայի հայտնի արտիստներ, հայտնի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ: Հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին ՝ իմ վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ կրոնի ազատության ապահովմանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը»,-իր ուղերձում ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև հավելել է. «Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով հասնել կայուն բարգավաճման և անվտանգության»:
Նշենք, որ Թրամփը չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը, այլ լատինատառ նշել է «Meds Yeghern» արտահայտությունը։