Մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
Եվրոպական խորհրդարանի և եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել և քննադատել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորները գրառումներ են կատարել X-ի իրենց միկրոբլոգներում։
Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆորլասն իր գրառման մեջ նշել է․ «Կայա Կալասի` ապրիլի 25-ի Ադրբեջան կատարելիք այցը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Այս այցը տեղի է ունենում Ադրբեջանի շարունակական անդրսահմանային բռնության, հայ խաղաղ քաղաքացիների անօրինական կալանավորման և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դեմ ուղղված բացահայտ սպառնալիքների ֆոնին»:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն, իր հերթին, գրել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին սկանդալային է իմանալ, որ ԵՄ բարձր ներկայացուցիչն ապրիլի 25-ին մեկնում է Ադրբեջան, մինչ հայ բանտարկյալները գտնվում են Բաքվի բանտերում։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսեսկ Մարկ Ալվարոն իր գրառման մեջ նշել է, որ ապրիլի 25-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Բաքու մեծ մտահոգության տեղիք է տալիս․ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատ է, և այս այցը կարող է վնասել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին՝ առանցքային գործընկերոջ, որն ամուր նվիրվածություն ունի խաղաղությանը»:
Իսպանիայի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Ջոն Ինյարիտուն, մասնավորապես, գրել է․ «Մինչ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, Կայա Կալասը պաշտոնական այցով մեկնում է Բաքու։ Կովկասի մյուս երկրները նպաստում են ժողովրդավարությանը և խաղաղությանը, սակայն ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս ավտորիտար և ագրեսիվ բռնապետությանը»:
Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Միքայել Ռոթն էլ իր գրառման մեջ հարց է ուղղել Կայա Կալասին, թե արդյոք Եվրոպայի համար գազն ավելի կարևոր է, քան եվրոպամետ հանձնառությունը։ «Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմ՝ խուսափելով Երևանի ժողովրդավարությունից: Մինչդեռ Ադրբեջանը մերժում է մեր արժեքները, Հայաստանը մոտենում է Եվրոպական միությանը: Ինչպե՞ս է ռազմավարական մտածողության վիճակը Բրյուսելում»,-գրել է նախկին պատգամավորը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...