
Խոշտանգումների քննությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնել է, որ ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի կանխարգելումը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնց պետք է համապատասխանի:
«Մենք այդպես էլ պատասխանատվության միջոցների անխուսափելիություն չենք ունենում, որովհետև այդպես էլ չենք տեսնում, որ վատ վերաբերմունքի ենթարկած, բռնարար հանդիսացող մարդիկ կամ ինչ-որ մեկին ինքնասպանության հասցրած կամ կյանքից զրկած մարդիկ պատասխանատվություն կրեն»,- ասել է Մանասյանը։
Նրա խոսքով` ՀՀ-ում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերով գործերի քննությունը ևս չի համապատասխանում միջազգային չափանիշներին։
Վերջինս նշել է, որ առաջին կարևոր պահանջներից մեկը քննության անհապաղությունն է, մինչդեռ բազմաթիվ գործերով տարիներ շարունակ որևէ արդյունք չի լինում։