
Պետք է աշխատենք ավելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար

Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին՝ Regionmonitor.com-ին տված բացառիկ հարցազրույցում:
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Հարգելի պարոն Ռավանչի, ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը։ Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրականացնել Հայաստանի հետ։ Արդյո՞ք կա հեռանկար համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և այն փաստաթղթով ամրագրելու հարցում։
– Իրանը և Հայաստանը երկու լավ հարևաններ են: Մենք վայելում ենք երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող լավ հարաբերությունները: Երկու երկրների ժողովուրդներն ավանդաբար լավ հարաբերություններ են ունեցել: Մենք կարծում ենք, որ առկա է մեծ ներուժ, որը պետք է օգտագործվի երկու երկրների կողմից՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար: Կարծում ենք, որ առևտրի ոլորտում շատ բաներ կան, որոնք կարող են շահեկան լինել երկու կողմերի համար՝ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից: Կարծում ենք, որ մշակույթի ոլորտում կան շատ լավ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ երկու երկրների միջև, ինչպես Երևանում և Թեհրանում, այնպես էլ երկու երկրների մյուս քաղաքներում: Համագործակցության մասով այդպիսի օրինակներ կարող են լինել համալսարանների փոխանակման, ուսանողների փոխանակման, պրոֆեսորների փոխանակման ծրագրերը ևս: Բացի այդ, մենք կարծում ենք, որ կան այնպիսի ոլորտներ, որոնք պետք է լրացուցիչ ուսումնասիրել: Ինչպես օրինակ տրանսպորտային անցումների առումով, որոնք կարող են կապել երկու երկրներին իրենց հարևանների հետ: Իմ կարծիքով կա մեծ ներուժ, որը կարող է օգտագործվել: Ժողովուրդների փոխանակումը՝ տուրիզմը, ևս մեկ ոլորտ է, որը կարող է դիտարկելի լինել երկու կողմերի համար: Այսպիսով, կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ ոլորտներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն երկու երկրները՝ որպեսզի կողմերի միջև առկա լավ հարաբերություններն ավելի զարգանան և ընդլայնվեն: Տեսնում ենք, որ երկու կողմերի մոտ առկա է հետաքրքրություն և կան շփումներ երկու երկրների պաշտոնյաների՝ արտաքին գործերի նախարարների և նախագահների միջև: Երկու ազգերի բարձրաստիճան պաշտոնյաները հետաքրքրված են փոխանակելու իրենց տեսակետներն տարբեր առիթներով: Այսպիսով, ամեն ինչ պատրաստ է երկկողմ հարաբերությունները բարելավելու համար, և ոչ միայն երկկողմ, մենք կարծում ենք, որ միջազգային ասպարեզում ևս կարող ենք ավելի մեծ համագործակցություն ունենալ Միավորված ազգերի կազմակերպության և այլ միջազգային ֆորումներ շրջանակներում: Մենք հավատում ենք, որ կան շատ հնարավորություններ, որոնք պետք է բացահայտվեն, և ինչպես ասացի, Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում:
Արդյո՞ք հնարավոր է ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, կա՞ այդպիսի հնարավորություն:
– Ըստ իս՝ ինչու ոչ: Մենք կարծում ենք, որ պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղությամբ, և կարծում եմ, որ այդ միտումը կա, երկու կողմերն էլ ցույց են տվել հետաքրքրություն այդ փաստաթղթի ուղղությամբ շարժվելու համար: Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք լավ փաստաթղթի վրա, որը երկու կողմերի համար կարող է լինել ավելի լավ հենակետ՝ ռազմավարական հարաբերություններ ունենալու համար: Գուցե և ժամանակ պահանջվի լավ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հավատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար: