Ուկրաինան և ՌԴ-ն զանգվածային  հարվածներ են հասցրել միմյանց

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի լույս 9-ի գիշերը և նախորդող երեկոյան երկրի տասը տարածաշրջաններում, ինչպես նաև Ղրիմում խոցվել է ուկրաինական 158 անօդաչու թռչող սարք։


Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում ռուսական ուժերը որսացել և ոչնչացրել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները՝ համապատասխանաբար 67 և 29։


Բացի այս երկու շրջաններից, ԱԹՍ-ներ են խոցվել Վորոնեժի, Կուրսկի, Բելգորոդի, Պենզայի, Սարատովի և Օռլովի մարզերի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում։


Ժամանակավորապես փակվել են Վլադիկավկազի (Հյուսիսային Օսիա) և Գրոզնիի (Չեչնյա) օդանավակայանները։ Դոնի Ռոստովի արվարձաններից մեկում ընկած, բայց չպայթած ուկրաինական ԱԹՍ-ի պատճառով տարհանել են բազմաբնակարան շենքի բնակիչներին։


Տուժածներ չկան, կոնստրուկցիաները չեն վնասվել, սակայն շենքի 48 բնակիչներին տարհանել են պայթյունի վտանգի պատճառով։


Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ուկրաինական ուժերի գիշերվա գրոհի հետևանքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գոռլովկա քաղաքում մեկ կին է վիրավորվել։ Ուկրաինական իշխանություններն իրենց հերթին հայտնել են ռուսական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի մասին։


Հարվածների են ենթարկվել Դնեպրի, Խարկովի, Սումիի, Խերսոնի մարզերը, ինչպես նաև այլ շրջաններ։BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Դնեպրում ռուսական ուժերի հարվածների հետևանքով վիրավորվել է 14 մարդ. հարվածի տակ են հայտնվել բազմաբնակարան շենքեր։ Կոտրվել է առնվազն 200 ապակի:


Խարկովում վիրավորվել է 2 մարդ, քաղաքի երեք շրջաններում հրդեհներ են բռնկվել։