Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով կստեղծվի

ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ազգային ժողովից:


Հարցը առաջիկայում կընդգրկվի Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում, հիմնական զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյաանը:


Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ այս միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին, ասելով՝ «շրթունքներդ մաքրի»:


Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ Սրբազանին:


Դրանից հետո լրագրողները էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով ստորագրահավաք էին սկսել: