Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները տեղի կունենան շաբաթ Օմանում։


«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում (նկատի ունի ԱՄՆ-ի մտադրությունների-Խմբ.), գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։


Երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։


«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են։ Շաբաթ օրն ԱՄՆ-ի և Իրանի միջև գրեթե ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի կունենան։ Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ։ ԱՄՆ-ն ազնիվ և շահավետ գործարքներ կկնքի այլ երկրների հետ, իսկ հակառակ դեպքում նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաև Թեհրանի շահերին»,- ասել էր նա։


Հավելենք, որ բանակցություններին կմասնակցեն` Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և  ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: