
Մարկո Ռուբիոյին կոչ է արվել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի 60 ներկայացուցիչներ, վկայակոչելով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնիկ հայ քրիստոնյա բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների ապօրինի կալանքը, ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և վերջինիս պատասխանատվության ենթարկել կատարած հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ կոնգրեսականները երկկուսակցական նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղարին։
Վկայակոչելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները՝ ԱՄՆ օրենսդիրները շեշտել են, որ Ադրբեջանը, չբախվելով իր գործողությունների նյութական հետևանքների կամ պատասխանատվության, Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի միջոցով շարունակում է խաթարել Հարավային Կովկասում արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղություն ապահովելուն ուղղված ջանքերը։
Նամակի ստորագրողները կոչ են արել պետքարտուղար Ռուբիոյին չկիրառել այն շրջանցման իրավասությունը, որի շնորհիվ ԱՄՆ հաջորդական վարչակազմերը շրջանցել են 907-րդ հոդվածը, և փոխարենը պարտադրել օրենքի լիարժեք կիրարկումը՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 2001 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահներն օգտվել են շրջանցման դրույթից, մինչև 2024 թվականը, երբ նախագահ Բայդենը առաջին անգամ կիրառեց 907-րդ հոդվածը։
«Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող բռնությունների, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքի ժխտման խորապատկերին՝ Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ոչ միայն կնորմալացնի նրա գործողությունները, այլև կխրախուսի ԱՄՆ-ի մրցակիցներին, ովքեր ձգտում են օգտվել Վաշինգտոնի անգործությունից»,- նշել են նամակի տակ ստորագրած կոնգրեսականները։