
Ալի Խամենեին մերժել է Թրամփի առաջարկը

Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է ոչ թե խնդիրները լուծելու մասին, այլ իր շահերն այլոց պարտադրելու մասին, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Որոշ անբարեխիղճ կառավարություններ բանակցում են ոչ թե խնդիրները լուծելու, այլ սեփական շահերը պարտադրելու համար։ Իրան Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, չի արդարացնի նրանց այդ սպասելիքները»,- ասել է նա՝ իրանցի պաշտոնյաների հետ հանդիպմանը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի, որում Իրանին առաջարկ էր ուղղվել բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի հոգևոր առջնորդի խոսքն ուղիղ հեռարձակել է SNN հեռուստաալիքը։
Խամենեին քննադատել է նաև Արևմուտքի վարած քաղաքականությունը՝ նշելով, որ երկակի ստանդարտներ են կիրառվում․ ճանաչելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի հանցագործությունները՝ հերքվում են իսրայելցիների հանցագործությունները Գազայի հատվածում։
Նշենք, ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցի իր էջում երեկ էր գրել, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ առաջարկելով բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին AFP գործակալությանն ասել էր, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ չի բանակցի, քանի դեռ Թրամփի վարչակազմը շարունակում է առավելագույն ճնշում բանեցնելու իր քաղաքականությունը։