Սիրիայում ցեղասպան գործողություններ են անում, այդ թվում` հայերի նկատմամբ. Սևակ Հակոբյան

Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է «Զարթոնք» պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։


Ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս պահին Սիրիայի` ալևիներով բնակեցված շրջաններում իրավիճակը թեժ է` շարունակվում են ցեղասպան գործողությունները։


Հակոբյանը պատմել է, որայսօր Լաթաքիա և Տարտուս նահանգներում ալևիների դեմ ահավոր բաներ են կատարվում։ Ընդգծել է` Սիրիայում գործող 2 ահաբեկչական կազմակերպությունները` «Համզաթը» և «Ամշաթը», որոնք ծայրահեղական, վարձկան զինյալներով են համալրված և ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից, ցեղասպան գործողություններ են անում ալևիների, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այդ թվում հայերի։


«Մի քանի օր առաջ ալևիները փորձել էին ըմբոստանալ ներկա իշխանությունների դեմ, ինչից հետո էլ սկսվեց այս ամենը։ Այժմ ահաբեկիչները մտնում են ազգային փոքրամասնությունների տներ, հայտնում, որ վերջինները համագործակցել են երկրի նախկին ղեկավարության հետ ու տան տղամարդկանց տանում։ Իհարկե, նրանց հետ հետո հաշվեհարդար են տեսնում, որպեսզի հետագայում կարողանան նույն կերպ վարվել նաև կանանց և երեխաների հետ։ Սա, անշուշտ, մեզ ծանոթ թրքական ձեռագիր է։ Քեսաբում այժմ համեմատաբար հանգիստ է, որևէ միջադեպ այնտեղ չի գրանցվել։ Այնուամենայնիվ, վտանգն առկա է, քանի դեռ այդ շրջանն էլ վերահսկվում է թրքամետ զինյալների կողմից»,– նշել է Հակոբյանը։


Պարբերականի գլխավոր խմբագիրը նշել է, որ Սիրիայում այսօր կատարվողն անմիջականորեն կապ ունի նաև Հայաստանի հետ։ Շեշտել է` թուրքական գործոնն է դեր խաղում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում, նույնն էլ կարող է լինել Հայաստանում։


Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:

Քաղաքականություն