Ինչ է սպասվում USAID-ի հայաստանյան գրասենյակին. «Ժողովուրդ»

Թրամփի վարչակազմը հերթով փակում է ամերիկյան՝ միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


Երեկ հայտնի դարձավ, որ փակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար:


«Ժողովուրդ» օրաթերթը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվել է, թե ինչ ճակատագիր է սպասվում ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակին եւ ծրագրերին, որոնք այս կազմակերպության աջակցությամբ են իրականացվում:


«Տեղեկությունները շատ հակասական են. երբեմն որոշ հուսադրող տեղեկություններ են ստացվում, երբեմն էլ Թրամփի եւ Իլոն Մասկի հայտարարությունները, որ վճռական են տրամադրված կազմակերպությունը փակելու հարցում:


Ինչ վերաբերում է USAID-ի հայաստանյան գրասենյակին, ապա ես չեմ կարող իրենց փոխարեն որեւէ բան ասել, իրենք էլ մեկնաբանություն չեն տալիս: USAID-ի ծրագրերից օգտվող կազմակերպություններից մեկը նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր, դրամաշնորհ ունեինք, բայց հունվարի 25-ին մեզ internews Հայաստանից տեղեկացրին, որ սառեցվել է ծրագիրը 90 օրով, ոչ մի ծախս չի իրականացվելու՝ մինչեւ նոր հրահանգներ լինեն:


Ապագայի համար որեւէ հստակ տեղեկություն չկա, անորոշ է՝ կշարունակվի՞ ծրագիրը, թե՞ ոչ:


ԱՄՆ դատախազությունն իր եզրակացությունն է ուղարկել դատարան, որ այս որոշումը հակասում է օրենսդրությանը, դատարանում պետք է քննարկում լիներ:


Այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր են կնքել իրենց ծրագրերն իրականացնելու համար, գործ են ունեցել ամերիկյան պետության հետ, եւ սա մարտահրավեր է պետությանը, թե որքանով է այն իր կնքած պայմանագրերին եւ պարտավորություններին տեր կանգնելու»,- ասաց Աշոտ Մելիքյանը:


Հիշեցնենք, USAID-ն ստեղծվել է 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից: Այն գործում է շատ երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հայաստանում…


Հ.Գ. Թրամփը մտադիր է USAID-ն միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին և կրճատել աշխատակազմը։


Սպասվում է, որ Թրամփի վարչակազմն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»: