Նոր վիրուսը կարող է տվյալներ գողանալ Iphone-ի լուսանկարներից
Հայտնաբերվել է վիրուս, որը կարող է iPhone-ի լուսանկարներից տվյալներ գողանալ։ Այս մասին փետրվարի 4-ին РИА Новости-ին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները։
Նշվում է, որ SparkCat վիրուսը հայտնաբերվել է App Store-ի և Google Play-ի 20 հավելվածներում՝ քողարկված որպես մեսենջերներ, խելացի օգնականներ և առաքման ծառայություններ։ Լուսանկարներին հասանելիության թույլտվություն ստանալուց հետո հավելվածը սկանավորում է նկարները և հիմնաբառեր գտնելու դեպքում դրանք ուղարկում խաբեբաներին: Վիրուսին հետաքրքրում է ցանկացած անձնական կամ զգայուն տեղեկատվություն:
«Սա iPhone-ի հավելվածներում նման վիրուսների ինտեգրման առաջին հայտնի դեպքն է։ Սա հաստատում է, որ նույնիսկ փակ iOS էկոհամակարգը խոցելի է»,- գրում է Nexta Live ալիքը։
Փորձագետները կոչ են անում խստացնել App Store-ը և խորհուրդ են տալիս օգտատերերին ավելի զգույշ լինել հավելվածների ընտրության և օպերացիոն համակարգերի թարմացման հարցում: