«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը վաղաժամ զրկվել է օդանավ շահագործողի վկայականից

Հայկական «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը (2015-2023 թթ. կոչվում էր «Ավիակոմպանիա Արմենիա») փետրվարի 3-ին վաղաժամ զրկվել է օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ): Այս մասին գրում է «Հետք»–ը։


Նշվում է, որ սա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել։


«Չնայած «Էյր Դիլիջանսի» ՕՇՎ-ն ուժի մեջ էր մինչեւ 2026-ի փետրվար, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) դրա գործողությունը կասեցրել էր 2024 թ. օգոստոսի 1-ին 6 ամսով՝ մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը: Դա գործող օրենսդրության պահանջ էր:


ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: 


«Էյր Դիլիջանսի» միակ ինքնաթիռը հայկական ռեգիստրից դուրս էր բերվել հուլիսի վերջին ու հետո գրանցվել Վրաստանում, որտեղից 2016-ին տեղափոխվել էր մեր երկիր:


Հիշեցնենք, որ «Էյր Դիլիջանսը» վրացական կապիտալով ընկերություն է: Դրա 51 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի, թբիլիսահայ Ռոբերտ Օգանեսյանն է, որը նաեւ տնօրենն է, մնացած 49 %-ը պատկանում է վրացի Թամազ Գաիաշվիլիին, որը վրացական Georgian Airways-ի հիմնադիրն ու փաստացի տերն է»,–գրում է «Հետք»–ը։


Մանրամասները` սկզբնաղբյուրում։