Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին
Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջել են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու երկրների միջեւ բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ պահանջն առաջ է քաշել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը Reuters-ին։
Ռուսական պատվիրակությունը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորությամբ, հունվարի 28-ին ժամանել է Սիրիա։ Սա ռուսական պատվիրակության առաջին այցն է Սիրիա երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական նոր վարչակազմը Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ փոխհատուցում է պահանջել։ Բանակցությունների ընթացքում Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ «հարաբերությունների վերականգնումը պետք է հաշվի առնի անցյալի սխալները, հարգի սիրիացի ժողովրդի կամքը և ծառայի նրա շահերին»։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայից Բաշար ալ-Ասադի փախուստից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ նա Սիրիայի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել և լքել երկիրը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապաստան է տրամադրել Ասադին և նրա ընտանիքին։