2 րոպեանոց զանգը հարազատների հետ հսկվում է Բաքվի կողմից. նոր մանրամասներ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ընթացիկ ամսվա ընթացքում տեսակցել են Բաքվում պահվող գերեվարված հայերին: Հայաստանում ԿԽ կոմիտեի պատվիրակությունը հայ գերիների ու պատանդների ընտանիքներին տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող անձանց հետ կառույցի ադրբեջանական պատվիրակներն ունեցել են առանձանզրույցներ։
Արցախի նախկին պաշտոնյաներից մեկի որդին «MediaHub»-ին պատմել է, որ յուրաքանչյուրին, ըստ էության, տրվել է հնարավորություն՝ կապ հաստատել հարազատների հետ:
«Երեկ զանգել են բոլորը, այդ թվում՝ հայրս։ Բողոքի նոտա Բաքվից չի հնչում, պահման պայմաններից ու առողջական վիճակից՝ նույնպես, բայց մենք էլ հո՞ գիտենք, որ ամեն ինչ ձևակերպվում է ադրբեջանական «չի կարելիի» տրամաբանությամբ։ Կան հարցեր, որոնց չեն պատասխանում, սահուն անցնում, թողնում են անպատասխան։ Դրանից արդեն ենթադրում ենք, որ նույնիսկ 2 րոպեանոց զանգը հսկվում է»,- ասաց նա։
Զրուցակիցը տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Ադրբեջանական համանուն կառույցից տեղեկացրել են, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները գնահատել են գերիների առողջական վիճակը, պահման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը: Նշենք, որ գերեվարվածների թվում են նաև Արցախի նախկին 8 բարձրաստիճան պաշտոնյաներ:
Վաղը շատ կարևոր օր է գերեվարվածների համար, քանի որ ըստ Բաքվի կողմի տարածած հաղորդագրության՝ հունվարի 17-ին կսկսվի գերեվարված կամ պատանդառված անձանց գործով դատաքննությունը: «Ես ի՞նչ պետք է ակնկալեմ, կամ բոլորս ի՞նչ պետք է ակնկալենք Ադրբեջանի դատախազությունից։ Չգիտեմ, ամեն դեպքում հույսով սպասում ենք, որ գոնե նրանց մի մասը կարդարացվի, կամ գոնե համաներում կշնորհվի»,- հավելեց մեր զրուցակիցը