Օդի աղտոտվածություն, գործազրկություն, կոռուպցիա. Մոնղոլիայում ցույցեր են
Հունվարի 11-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում հակակառավարական ցույցեր են սկսվել։ ТАСС-ի թղթակիցը պնդում է, որ երեկոյան ցուցարարների թիվն անցել է հազարից։ Ըստ Central Asia Media-ի՝ բողոքի ակցիային հավաքվել է մոտ 3 հազար մարդ։ Ցուցարարները կառավարությանը մեղադրում են օդի աղտոտվածության, գործազրկության և կոռուպցիայի դեմ պայքարում ձախողելու մեջ և պահանջում են հրաժարական։
Ցուցարարները հավաքվել են տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով 7:00-ին) Ուլան Բատորի կենտրոնական հրապարակում: Ինչպես նշում է News.mn-ը, ոստիկանությունը թույլ է տվել ցույցն անցկացնել ժամը 11:00-ից 17:00-ը, սակայն դրանից հետո այն շարունակվել է։
Ցուցարարները փակել են քաղաքի գլխավոր ճանապարհը՝ մի քանի ժամով արգելափակելով հասարակական տրանսպորտը։ News.mn-ը գրում է, որ հասարակությունը դատապարտել է ցուցարարների գործողությունները և հիշեցրել նրանց, որ «անհրաժեշտ է օգտվել ցույցի իրավունքից՝ առանց ուրիշներին անհանգստացնելու»։