Ամենաավերիչ հրդեհները․ Բայդենի հայտարարությունը
Կալիֆոռնիայի Լոս Անջելեսում բնական հրդեհների մակերեսը հասել է գրեթե 11 հազար հեկտարի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Սրանք Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհներն են», - ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ ներկա պահին աղետի գոտուց տարհանվել է 360 հազար մարդ:
Ըստ նախագահի՝ ամերիկյան իշխանությունները շրջան կուղարկեն հրշեջների լրացուցիչ բրիգադներ, ինչպես նաև ինքնաթիռներ՝ կրակը մարելու համար: Կրակի դեմ պայքարի համար կարող են ներգրավվել մասնագետներ Կանադայից:
Պատասխանելով հարցին հրդեհներից հետո վերականգնման պոտենցիալ արժեքի մասին՝ Բայդենը ստույգ գումար չի հայտնել, սակայն նշել է, որ դա շատ մեծ թիվ կլինի։
«Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի կարող ձեզ ասել դա։ Ցանկացած մարդ, ով ձեզ այժմ թիվ հայտնի, պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում», - նշել է նախագահը:
Կալիֆոռնիայում անտառային հրդեհները շարունակվում են հունվարի 7-ից: Նահանգի հրշեջ ծառայության տվյալների համաձայն՝ կրակը ոչնչացրել է ավելի քան հազար շինություն։ Զոհվել է 10 մարդ։ Իրավիճակը սրում է ուժեղ քամին, ինչը խոչընդոտում է ավիացիայի աշխատանքին։ Նշվում է նաև, որ Լոս Անջելեսում զանգվածային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզման պատճառով: