Թրամփի թիմը դեռ չգիտի՝ ինչպես ավարտել Ուկրաինայում պատերազմը. FT
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը վերանայում է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու իր մոտեցումը, գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը զրուցել է անանուն եվրոպացի պաշտոնյաների հետ, ովքեր վերջին շաբաթներին Թրամփի թիմի հետ քննարկում էին պատերազմի հնարավոր ավարտը: Նրանց խոսքով՝ բանակցությունների ընթացքում պարզ է դարձել, որ ԱՄՆ ընտրված նախագահի գործընկերները դեռ չեն որոշել, թե ինչպես կարգավորել այս հակամարտությունը։
«Թրամփի ողջ թիմը կենտրոնացած է ուժի վրա և այն ուղղությամբ, որ ուժեղ երևա, ուստի նրանք վերանայում են Ուկրաինայի նկատմամբ իրենց մոտեցումը»,- Financial Times-ին ասել է աղբյուրներից մեկը։
Ըստ աղբյուրի՝ Թրամփի գալիք վարչակազմը մտավախություն ունի, որ Ուկրաինայի վերաբերյալ իրենց որոշումները կարող են համեմատվել Ջո Բայդենի օրոք Աֆղանստանից ամերիկյան զորքերի «աղետալի» դուրսբերման հետ: