Նոր պայմանավորվածություն` վարորդների հարցերին լուծում տալու վերաբերյալ
Դեկտեմբերի 3-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից ազատված 32 վարորդից 25-ը աշխատանքի վերականգնման դիմում է գրել, որոնցից 11 վարորդ արդեն վերականգնվել է: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեկտեմբերի 13-ի դրությամբ աշխատում է 1,192 վարորդ։ ՓԲԸ-ում առկա է վարորդի 85 թափուր հաստիք»,–հայտնել է քաղաքապետարանը:
Ընդգծվում է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն` վարորդների բոլոր բարձրացված հարցերին լուծում տալու վերաբերյալ:
Հարցին, թե վարորդների արարքներին քրեաիրավական գնահատական տրվել է, քաղաքապետարանից չեն հայտնել, առաջարկելով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:
Հիշեցնենք` Երևանում ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ին գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։ Քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Ավտոբուսի 32 վարորդ ազատվել էր աշխատանքից։