Որքան միս է առգրավվել տեսչական մարմնի կողմից

Մոտ մեկ տոննա միս է առգրավվել, այն կոչնչացվի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։


Հարությունյանի խոսքով՝ օրենքով հաստատվել է, որ ՍԱՏՄ–ն ոչ սպանդանոցային ծագման միսը կարող է առգրավել և ոչնչացնել, իսկ այս տարվա աշնանը հաստատվել է դրա իրականացման կարգը։


«Հիմքը օրենքն է և հաստատված կարգը. առգրավել և ոչնչացնել»,-ասաց Հարությունյանը։


Անդրադառնալով մսավաճառների այն բողոքներին, թե ինչքան ժամանակ է՝ ՍԱՏՄ-ից իրենց մոտ ստուգումների չեն գնացել, ինչո՞ւ են հանկարծակի որոշել հիմա գնալ, Հարությունյանը նշեց. «Չկա նման բան։ Ամեն անգամ, երբ մենք մտնում ենք «Գումի» շուկա, այսպիսի պատմություն է դառնում։ ՍԱՏՄ-ն պարտավոր չէ ստուգումների մասին զգուշացնել, իրենք գիտեն, որ պարտավոր են միայն սպանդանոցային ծագման միս վաճառել։ Երբ օրենքը հաստատվեց, մենք բոլոր տեղերում պարբերաբար անցկացնում ենք այս նույն ստուգմները։ Չկա մի տեղ, որտեղից առգրավում չի եղել»։


ՍԱՏՄ ներկայացուցիչը բացատրել է, թե որն է եղել իրականում նման լարված իրավիճակի պատճառը.«Մենք հիմնականում գնում ենք աշխատանքային ժամերի, իրենք հասցնում են միսը ստանալ, համապատասխան մասը պահել։ Իսկ այս անգամ որոշում էր կայացվել գնալ մի քիչ ավելի շուտ, երբ միսը նոր էին բերում Խորենացու շուկա և տեսաք, թե ինչ պատկեր է գրանցվել։ Չկար, գոնե, մեկ խանութ, որ դուռը կբացեր ու կասե՝ եկեք տեսեք, ինձ մոտ միայն սպանդանոցային միս է»։


Նա հավաստիացրել է, որ այն կասկածները, որոնք առկա են քաղաքացիների մոտ, թե այդ միսը չի ոչնչացվելու, սուտ են. Հանգիստ կարող եք գնալ և տեսնել, թե ինչպես են այն ոչնչացնում. «Կա տեղափոխող կազմակերպություն և առգրավող, որը ՍԱՏՄՆ-ն է․ Մենք ստուգումններն իրականցնում ենք, առգրավում ենք, կնքում, կապարակնքում և հանձնում ենք տեղափոխող ընկերությանը, որը այն բացելու իրավունք չունի, քանի որ այրող կազմակերպությունն այն չի ընդունի»։


Քաղաքականություն