ՆԳՆ խոսնակը անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը և այն անվանել մանիպուլացնող
ՀՀ ներքին գործերի նախարարությունը անդրադարձել է լրատվական կայքերից մեկի՝ «Հայաստանի ՆԳՆ-ն անցել է հայ-ամերիկյան համատեղ կառավարման» վերտառությամբ հոդվածին՝ անվանելով այն զավեշտալի և մանիպուլացնող:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է.
«Նախօրեին լրատվական կայքերից մեկը «Հայաստանի ՆԳՆ-ն անցել է հայ-ամերիկյան համատեղ կառավարման» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում նշվում է նաև, որ «Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հավաքներին տեսակապով հետևել են ինչ-որ մարդիկ՝ համաժամանակյա թարգմանությամբ, այսինքն՝ օտարերկրացիներ։ Հետևել են բացահայտ` դահլիճում մեծ էկրաններ են եղել։Նախ զավեշտալի է, որ հեղինակը հոդվածում մի քանի անգամ օգտագործում է «Մեր աղբյուրը տեղեկացնում է» նախադասությունը և ներկայացնում դեկտեմբերի 7-ին ՆԳՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկություններ, իհարկե, մանիպուլացնելով։
Դեկտեմբերի 12-ին նույն լրատվական կայքում, նույն հոդվածագիրը ևս մի հոդված է գրում, թե իբր «ՆԳՆ-ն հաստատել է իր գրածը։ Այսինքն, ըստ հոդվածագրի, ՆԳՆ-ն դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հաստատել է լրատվական կայքի՝ դեկտեմբերի 11-ի հոդվածը։
Ինչ վերաբերում է, այսպես ասած, մեղադրանքներին, ապա ՆԳՆ-ն միշտ և այս անգամ էլ թափանցիկ կերպով ներկայացրել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման գործընթացը, որում ներգրավված են միջազգային գործընկերներ։ Կրկնեմ, նշածս մանրամասն ներկայացված է ՆԳՆ պաշտոնական լրահոսում։ Իսկ միջազգային մեր գործընկերների հետ, որոնց թվում են նաև ԱՄՆ դեսպանատան ԹՀԻՊ գրասենյակի գործընկերներն ու փորձագետները, համագործակցությունը չափազանց արդյունավետ է և մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը՝ կրկին պարբերաբար ներկայացնելով գրանցած արդյունքները»։