Սիրիան կդիմի ՄԱԿ-ի ԱԽ–ին Իսրայելի գործողությունների հարցով
Սիրիան մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել Իսրայելի կողմից Հանրապետության ինքնիշխանության խախտման մասին՝ կապված Դամասկոսին հարվածների և Գոլանի բարձունքներում իսրայելական զինվորականների գործողությունների հետ։ Ինչպես Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սիրիայի արտգործնախարար Բասամ Սաբբաղը, գերատեսչությունն աշխատում է սովորական ռեժիմով, սակայն պայմանները բարդ են։
«Առաջինը, սա 1974 թվականի ուժերի բաժանման համաձայնագրի ակնհայտ խախտում է, երկրորդ՝ սա Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նոր խախտում է», - ասել է նախարարը՝ նկատի ունենալով իսրայելական ուժերի կողմից լրացուցիչ անվտանգության գոտի ստեղծելը Գոլանի բարձունքներում՝ Հերմոն լեռնաշղթայի սիրիական կողմում։
«Երկրորդ խնդիրն այն է, որ դա վերաբերում է ոչ միայն Գոլանի բարձունքներին, այլև ավիահարվածներին: Երեկ կեսօրին Դամասկոսում բազմաթիվ օբյեկտներ կրակի տակ են հայտնվել: Այսօր ես խոսեցի ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցչի հետ և խնդրեցի բարձրացնել այդ թեման»,– ասել է նա: