Երբ ուժի մեջ կմտնեն էներգետիկների հետ կապված սահմանափակումները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող օրինագծին:


«Երեկ աչքի էի անցկացնում մեր հայրենակիցների արձագանքները ՔՊ խմբակցության պատգամավորների այն նախաձեռնությանը, որով նախատեսվում է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին:


Արձագանքները գրեթե ամբողջությամբ դրական էին, ինչը վկայում է այն մասին, որ խնդիրը իրոք հասունացել էր, և այս լուծումը սպասված էր:Սակայն ինձ զարմացրեց մեկ այլ բան:


Մեծ թվով օգտատերեր, այս նախաձեռնությունը ողջունելով, կոչ էին անում օրենքով արգելել նաև ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին:


Սիրելի հայրենակիցներ, ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին վաղուց ԱՐԳԵԼՎԱԾ է: Եթե նկատում եք նման երևույթներ, խնդրում ենք այդ մասին տեղյակ պահել պատկան մարմիններին, որովհետև խոսքը վերաբերում է մեր երեխաների առողջությանը:


Ինչ վերաբերում է էներգետիկներին, հիշեցնեմ, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեցինք օրենսդրական փաթեթի, որով.


-արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին,

-սահմանափակվում է էներգետիկ ըմպելիքների գովազդը,

-արգելվում է անչափահասներին ներգրավել էներգետիկ ըմպելիքների արտադրության, գովազդի, առևտրի և նման այլ աշխատանքներում:


Նախագծի հեղինակներն են՝ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մարիամ Պողոսյանը, Հասմիկ Հակոբյանը:


Նախագիծը առաջին ընթերցմամբ խորհրդարանի հավանությանը կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկող լիագումար նիստում:


Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ամբողջական ընդունումից 6 ամիս հետո»,- գրել է Թունյանը:



Քաղաքականություն