Գաղտնազերծվել են Պուտինի քաղաքական հակառակորդների սպանությունների որոշ տվյալներ
ԱՄՆ հետախուզությունը գաղտնազերծել է Պուտինի քաղաքական հակառակորդների սպանությունների տվյալները: Հետախուզությունը կարծում է, որ սպանություններում ներգրավված են ռուսական հատուկ ծառայությունները, և նախագահ Պուտինն անձամբ է հրահանգել ու որոշումներ կայացրել։ Հայտնում է Bloomberg-ը:
Սպանությունները մասնավորապես իրականացվել են 2000-ից 2016 թվականներին:
2004 թվականին Կատարում սպանվել է Չեչնիայի Հանրապետության Իչկերիայի նախկին ղեկավար Զելիմխան Յանդարբիևը։ Սպանության հեղինակները՝ ՌԴ ՊՆ աշխատակիցներ Անատոլի Բիլաշկովին ու Վասիլի Բոգաչովին, Կատարի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման, սակայն նրանց շուտով տեղափոխել են Ռուսաստան։ Հայրենիքում նրանք պետք է մնային բանտում, սակայն 2005-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղ են նրանք։
2006 թվականին Լոնդոնում ռադիոակտիվ պոլոնիումից մահացել է Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն։ Բրիտանական հետաքննությունը սպանության անմիջական հեղինակ է անվանել Ռուսաստանի անվտանգության գլխավոր վարչության սպա Անդրեյ Լուգովոյին, որը հետագայում դարձել է Պետդումայի պատգամավոր։ Սպանությունն ինքնին Մեծ Բրիտանիայում ճանաչվել է որպես Հետախուզության Դաշնային Բյուրոյի կողմից իրականացված հատուկ գործողություն:
2012 թվականին Մեծ Բրիտանիայում մահացել է գործարար Ալեքսանդր Պերեպելիչնին, որը ռուս պաշտոնյաների կողմից փողերի լվացման գործով հիմնական վկա էր։ Ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ նրան թունավորել են, թեև բրիտանական ոստիկանությունը բավարար ապացույցներ չի գտել։
2015 թվականին Լուգանսկում սպանվել է անջատողական Ալեքսանդր Բեդնովը։ Նրա զրահապատ ավտոբուսի վրա կրակել են զինված մարդիկ։ Սպանությունը, ըստ ԱՄՆ-ի, իրականցվել է Կրեմլի կողմից՝ օկուպացված տարածաշրջանում վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։
ԱՄՆ Ազգային հետախուզության փաստաթղթում նշվում է, որ Մոսկվան համակարգված օգտագործում է հետախուզական ծառայությունները՝ ոչնչացնելու նրանց, ում համարում է սպառնալիք ռեժիմի համար։ Հետախուզության փորձագետների կարծիքով, նման սպանությունները շարունակվելու մեծ հավանականություն ունեն: