Գազալցակայանների ոլորտում խստացում է լինելու. ՊԵԿ նախագահ

Գազալցականների ոլորտը բավականին խնդիրներ ունի, եւ մենք բազմիցս զգուշացրել ենք, որ վարչարարությունը խստացնելու ենք այդ ոլորտում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:


Նրա խոսքով՝ արդեն վերջերս ունեցել են 600 մլն դրամի վերականգնում, մեկ փոխկապակցված խմբի կողմից, քննություն դեռ շարունակվում է։


«Ունեցել ենք 200 մլն դրամի վերականգնում կրկին մեկ փոխկապակցված խումբ ներկայացնող ընկերությունների կողմից: Այդ ոլորտում վարչարարությունը շարունակում ենք: Մտադիր ենք օրենսդրական փոփոխություն անել, որ ստիպված չլինենք վարչարարության վրա այդքան մեծ ռեսուրս օգտագործել: Օրինակ, հաշվիչներին հասանելիությունը օնլայն ռեժիմով: Կարծում եմ՝ նման փոփոխություններ կանենք, թե ԱԳԼՃԿ-ների, թե հեղուկ գազի, թե բենզինի ոլորտների համար»,-ասաց նա:


Ըստ նրա՝ շատ դեպքերում թերհայտարարագրում է լինում։


«Եվ հարց է առաջանում, որ եթե մտնում է հաշվիչով եւ հաշվիչները ամեն ինչ ճիշտ են ցույց տալիս, ինչպե՞ս է ստացվում, որ այդքան ՀԴՄ չեն տրամադրում հաճախորդներին, եւ ինչպես է ստացվում, որ մենք կարողանում ենք վեր հանել իրենց ստվերային շրջանառությունը, որը գերազանցում է, օրինակ, 1 մլրդ դրամը: Այս հարցերի պատասխանը պետք է ստանանք: Եղել է դեպք, որ խողովակը միացված է եղել ԱԳԼՃԿ-ին այլ եղանակով, այսինքն չհաշվառվող խողովակ է եղել: Այդպիսի դեպք ԱԱԾ-ի հետ համատեղ բացահայտվել է նախորդ տարի, վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այդտեղ նաեւ առեւտրային կաշառքի դրվագ է եղել արդեն «Գազպրոմի» աշխատակիցների մասով, որի քննության մասով տվյալներ չունեմ»,- ընդգծեց Բադասյանը:

Քաղաքականություն