Ինչպես է Լևոն Քոչարյանը բերման ենթարկվել․ մանրամասներ դատական նիստից
ֆիզիկական ցավ եղել է, հետո ցավն անցել է․ այսօր դատարանում ցուցմունք տալիս այս մասին ասաց Լևոն Քոչարյանի (ներկայում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով տուժող ճանաչված ոստիկաններից մեկը՝ Հրաչիկ Խաչատրյանը։
Գործով մեղադրող դատախազը հարցեր էր ուղղում ոստիկանին՝ մեղադրյալներին բերման ենթարկելու մանրամասների վերաբերյալ։ Ոստիկանի խոսքով՝ սկզբում փորձել են Սերգեյ Ասատուրովին բերման ենթարկել, սակայն չեն կարողացել։ Քանի որ նրան չեն կարողացել, փորձել են Լևոն Քոչարյանին բերման ենթարկել։
«Էդ ժամանակ ինքը ընկավ գետնին, ու էդ ժամանակ երկու անգամ հարվածեց ոտքիս։ Իրեն մի կերպ տարանք մեր «Գազել» ավտոմեքենա, չկարողացանք նստեցնել, տարանք մեր մյուս մեքենան նստեցրեցինք»։
Ոստիկանը նաև նշեց, որ հարվածների ժամանակ ֆիզիկական ցավ զգացել է, բայց հետո անցել է։
«Դուք միայնակ կարո՞ղ էիք բերման ենթարկել Լևոն Քոչարյանին»,- հարց ուղղեց դատախազը։
«Միայնակ... երևի ոչ»,- ասաց ոստիկանը։
«Քանի՞ հոգով էիք բերման ենթարկում, և ի՞նչ պատճառով էիք այդքան հոգով»,- հարցեր ուղղեց դատախազը։
«Սերգեյ Ասատուրովին այդ օրը բերման չենք ենթարկել, ինչքան հիշում եմ` Լևոն Քոչարյանին՝ 6 թե 7 հոգով։ Սկզբից իրեն ցույցի մասնակիցները քաշում էին ու չէր ստացվում,նաև նրա համար, որ Լևոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, պինդ էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ հեշտ լիներ»,- նշեց ոստիկանը։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել էր ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Սակայն մարտի 12-ին Քոչարյանի խափանմանի միջոցը փոխվեց և ընտրվեց գրավը, գումարի չափ սահմանվեց 2 մլն դրամը։