Ադրբեջանը դեմ է արտահայտվել, Փաշինյանը համաձայնել է դրան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառել՝ կատարելով Ալիեւի հերթական ստորացուցիչ պահանջներից մեկը։ Մեզ պատմեցին, որ քննարկվել է պայմանագրում գերիների մասին կետ զետեղելու հարցը, Ադրբեջանը դեմ է արտահայտվել, եւ Փաշինյանը համաձայնել է դրան: Գերիների հարցը Բաքվի հետ բանակցվող միակ փաստաթղթից դուրս թողնելը Փաշինյանը պատճառաբանել է, թե պետական մակարդակով գերիների հարցը բարձրացնելն Ալիեւի ձեռքին զենք կդառնա՝ բանակցություններում այն օգտագործելու համար: Սակայն մեր աղբյուրն ասում է՝ իրականում ուղղակի Փաշինյանն իրեն ազատել է ավելորդ գլխացավանքից: Միաժամանակ, այս քայլով ակամայից հիմնավորել է Ալիեւի այն պնդումները, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ոչ թե ռազմագերիներ են, այլ՝ տեռորիստներ, որոնք դատվում են ծանր հանցագործությունների համար։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել իշխանական պատգամավորներից։ Հովիկ Աղազարյանը հաստատեց լուրը։ 


«Ադրբեջանական կողմը չի ընդունում նրանց որպես գերիներ, այլ կարգավիճակ է տվել, Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին սահմանադրական կարգի տապալման մեջ է մեղադրում։ Հետեւաբար, եթե Ադրբեջանը համաձայներ խաղաղության պայմանագրում ներառել գերիների հարցը, ապա պատասխան պիտի տար միջազգային հանրությանը, Ալիեւին հարցնելու էին՝ բա եթե գերի են, ինչո՞ւ չես ազատել»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։


Աղազարյանը կարծում է, որ պիտի մի քիչ ըմբռնումով մոտենալ՝ պնդելով, որ եթե գերիների հարցը ներառվեր բանակցություններում, ապա խաղաղության օրակարգը կմտներ փակուղի։


«Հիմա կանգնեինք՝ էդ պատճառի համար տորպեդահարեի՞նք խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, որն առանց այդ էլ դժվար է»,-հռետորական հարց է հնչեցնում Աղազարյանը։


Իսկ այդ մարդկանց ճակատագրերով ո՞վ պետք է զբաղվի, եթե Հայաստանը պետական մակարդակով ձեռքերը լվանում, հրաժարվում է։ Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը նշեց, թե գերիներով համապատասխան մարմինները զբաղվում են, իսկ թե որ մարմիններն են զբաղվում, Աղազարյանը կոնկրետ չգիտեր։ 


Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում 8 գործիչներ` Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը»: