Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց յուրահատուկ են զգում․ Քոչարյան
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով օրեր առաջ ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի կոնֆլիկտի մասին։
«Ազգային ժողովում ուժային կառույցների լսումների օրը տեղի ունեցած քննարկումները, որոնք վերածվեցին որոշակի սուր հարցադրումների, իհարկե, հայկական մեդիա եւ պսեվդովերլուծական տիրույթում դարձան հերթական շոուն, որին ամեն մեկն իր քիմքին հարիր քաղաքական գնահատական տվեց։ Բայց որևէ առողջ, իրական վերլուծություն կարծես թե չկա։ Իսկ իրականում տեղի ունեցածը ներկա ժամանակների անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման ու կադրային համակարգի առողջացման և «զոռբայության» բախումների վառ դրսեւորում էր։
Պարզ է, որ բոլոր ոլորտներում էլ կան բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ, ովքեր «կոմֆորտ զոնաներից» դուրս չեն գալիս։ Խնդիրը կոնկրետ անձանց մեջ չէ. հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ թռիչքային կարիերա ունենալիս իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում։ Խնդիրը կոնկրետ Արգիշտի Քյարամյանի հետ կապված չէ, խնդիրը Աղազարյանի հետ կապված չէ, կամ՝ անձնավորված ինչ-որ բանավեճերի ու անձնական հաշիվների։ Խնդիրը նրանում է, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, պառլամենտարիզմի ճանապարհը, որը, սակայն, շատ փշոտ է: ՀՀ-ում ամենաբարձր քաղաքական պաշտոնյաներից միայն ՀՀ վարչապետն է, ով մշտապես գալիս է պառլամենտ, մասնակցում լսումներին, ընդիմությունից ու լրագրողներից լսում հաճախ ծանր հարցեր, տալիս պատասխաններ:
Երբեմն լինում են քարկոծումներ ու ծանր քննադատություններ, սակայն ժողովրդավարությունը հենց դա է։ Սա է պառլամենտարիզմը, իրական ժողովրդավարությունը, և բոլոր պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն այս միջավայրում աշխատելու։ Պառլամենտը Հայաստանի պետականության հիմնասյունն է, որտեղ գալը ամոթ չէ: Մեզնից շատերն են խուսափում պառլամենտական լսումներից: Տեղակալներին ուղարկելով և անհասանելի լինելով ուժեղ ղեկավար չեն դառնում։ Ալեն Դալեսը, Էդգար Հուվերն ու Ռոբերտ Մակնամարան են հաշվետվություն տվել ամերիկյան Կոնգրեսում։
ՀՀ երրորդ հանրապետության պառլամենտում հաշվետվություն է տվել ՀՀ պաշտպանության նախարար եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Պառլամենտը քաղաքական վերահսկողության բարձր աստիճան է, քաղաքական հավասարակշռության ինստիտուտ է։ Պառլամենտական լսումներն, անկախ ամեն ինչից, հաջողված են լինում, անկախ ամեն ինչից՝ ծառայում են իրենց նպատակին, քանի որ այդ լսումների արդյունքում ձևավորվում է թափանցիկություն, ժողովուրդը տեսնում ու լսում է իրական խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Ցանկացած գերատեսչության ղեկավար կամ ոլորտի պատասխանատու իր ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների, հատկապես՝ խնդիրների համար պետք է հաշվետվություն տա պառլամենտին, հասարակությանը, լրագրողներին եւ այլն։ Կարծես թե մենք ձևավորել ենք բավական լավ ավանդույթներ՝ տարբեր պաշտոնյաների, դատավորների, պետական այլ պաշտոնյաների նշանակումներից առաջ պառլամենտական լսումներ ենք անցկացնում»,- նշել է Քոչարյանը։