Մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը

Կյանքի 78-րդ տարում մահացել է խորհրդային կոմպոզիտոր, էստրադային երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը: 


Տեղեկությունը РБК-ի հետ զրույցում հաստատել է արտիստի կինը՝ Իրինա Դոբրինինան։ Աղբյուրի տվյալներով՝ 78-ամյա երգիչը մահացել է մոսկովյան կլինիկայում, որտեղ նրան հոսպիտալացրել էին մեկ շաբաթ առաջ՝ կաթվածի կասկածներով:


Ավելի վաղ երգչի կինը պատմել էր, որ նա արդեն մի քանի տարի ելույթ չի ունենում և դադարեցրել է բոլոր հյուրախաղերը։ Նրա խոսքով՝ ընտանիքը զբաղվել է արտիստի բուժմամբ։


Վյաչեսլավ Դոբրինինը «Ոսկե Գրամոֆոն», «Տարվա երգ» և «Օվացիա» մրցանակների դափնեկիր է: Արտիստը կարիերան սկսել է որպես կոմպոզիտոր, ավելի ուշ սկսել է կատարել իր երգերը։ Նա ունի ավելի քան 35 ալբոմ։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են՝ «Не сыпь мне соль на рану», «Ты разбила мне сердце» և «Синий туман»։


Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Հայրը` փոխգնդապետ Գալուստ Պետրոսյանը, Լոռուց էր, մայրը` Աննա Անտոնովան, բուժքույր էր, ազգությամբ` ռուս։ Ինքը` Դոբրինինը, երբեք չի կրել Պետրոսյան ազգանունը։


Վերջին անգամ նա Հայաստանում եղել է 12 տարի առաջ` 2012 թ–ին։