«Հեզբոլլահին չպետք է ընդմիջում տանք. իրավիճակը պահանջում է շարունակել ինտենսիվ գործողությունները բոլոր ճակատներում». Իսրայելի ԳՇ պետ

Իսրայելի պաշտպանության բանակը հերթական թիրախային հարվածն է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ Հարձակման մանրամասները չեն հաղորդվում։

Al Jazeera հեռուստաալիքը պարզաբանում է, որ իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Մինչ այս Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը կարագացնի հարձակողական գործողությունները։

«Մենք Հեզբոլլահին չպետք է ընդմիջում տանք.  Ստեղծված իրավիճակը պահանջում է շարունակել ինտենսիվ գործողությունները բոլոր ճակատներում»,- ասաց նա։

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Բեյրութի վրա Իսրայելի  ​​հարվածի թիրախը եղել է շիական «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկը։ Նրա անունը չի նշվում։ Հրթիռը հարվածել է Ղոբեյրիի բանուկ շրջանում գտնվող շենքին:

Հիշեցնենք, որ Իսրայելը մի քանի օր անընդմեջ հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց հարձակողական ռազմական գործողություն: Իսրայելը կոչ է արել Լիբանանի քաղաքացիներին լքել իրենց տները այն վայրերի մոտ, որտեղ Հեզբոլլահը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, զենք է թաքցնում:

Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ գնդակոծության հետեւանքով զոհվել է առնվազն 558 մարդ, վիրավորվել՝ 1835-ը։ Լիբանանի առնվազն 89 դպրոցներում ստեղծվել են ժամանակավոր կացարաններ՝ 26000 հոգու համար: Շուրջ 500 լիբանանցիներ հատել են Սիրիայի սահմանը՝ խուսափելով գնդակոծությունից:

Քաղաքականություն