Ամուսինների և 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «BMW X3»-ի վարորդը` Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը, հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։


Վթարի հետևանքով Նապոլեոն Մկրտչյանը, նրա կինը՝ 31-ամյա Նազենի Շմոյանը, տեղում մահացել են, իսկ նրանց 7 տարեկան որդին` Դավիթ Մկրտչյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։


Ավտովթարից հետո «BMW X3»-ի վարորդը փախել էր Վրաստան։ Հուլիսի 31–ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։


Կայքի տեղեկություններով` ոստիկանները, վստահ լինելով, թե որտեղ է գտնվում կասկածյալը, բացատրական աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում Արմեն Տոնոյանը այսօր ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:


Նշվում է, որ Տոնոյանին կտեղափոխեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան համապատասխան հիմնարկ:


Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 26-ին` ժամը 01։30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում` Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։

Քաղաքականություն