Մինչև երբ Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել․ ՏԿԵ նախարար

Հայաստանը ցանկանում է նոր ատոմակայան կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը՝ 2036 թվականը. նորը նախնական պատկերացումներով կլինի 400-600 Մվտ հզորությամբ։ Այն պետք է կառուցել այն չափի, որ այնքան մեծ չլինի, որ կարողանա կլանել ամբողջ էներգետիկ համակարգը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝  Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմայի շուրջ։


Նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանում էներգետիկ ոլորտը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի. երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսն արտադրում է ատոմակայանը, մոտ 30 տոկոսը՝ ՋԵԿ-երը, մոտ 20 տոկոսը՝ ՀԵԿ-երը և մոտ 10 տոկոսն արտադրում են արևային կայանները։


«Ի ուրախություն մեզ, եթե մենք մի քանի տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ արևային կայանների բաժինը զրոյին բավական մոտ էր կամ 1 տոկոս էր, և այս 10 տոկոսը, որը հիմա ունենք, բավական արագ տեմպով հիմա աճում է և այնքան արագ, որ մեր ռազմավարության մեջ նշված թիրախներից մի փուլ առաջ ենք ընկել», - ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, հաճախ է խոսվում էներգետիկ առումով կախվածության մասին, սակայն ընդհանրապես որևէ ռեսուրսից կախված չլինել հնարավոր չէ։


«Ընդհանուր առմամբ, մեր երկրի էներգետիկ համակարգը նրանով է լավ, որ մեկ ուղղությամբ շատ մեծ կախվածություն չունի։ Այս դրական կողմը բերել է մեզ այն եզրակացության, որ ակնհայտ է՝ նոր ատոմակայան պետք է կառուցել, բայց նորից պետք է կառուցել այն չափի ատոմակայան, որ ինքն այնքան մեծ չլինի, որը կկլանի ամբողջ էներգետիկ համակարգը, որովհետև մեր երկրում սպառվում է 800-1000 Մվտ հզորությամբ էլեկտրաէներգիա և եթե մենք կառուցենք 1000-1200 Մվտ հզորությամբ ատոմակայան, ապա կստացվի, որ երկրի ամբողջ էներգետիկ համակարգը  կախված կլինի ատոմակայանից՝ իր դրական և բացասական կողմերով», - ընդգծեց Գնել Սանոսյանը։


Վերջինիս դիտարկմամբ՝ գործող ատոմակայանի ժամկետը նախ պետք է երկարացնել մինչև 2036 թվականը, ինչի ուղղությամբ այս պահին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում։ 


«Իսկ 2036 թվականին մեր միտքն այն է, որ պետք է ունենալ նոր ատոմակայան․ նախնական մեր պատկերացումն այն է, որ այն կլինի 400-600 Մվտ հզորությամբ, որպեսզի փոխարինի գործող ատոմակայանին», - մանրամասնել է Սանոսյանը՝ շեշտելով, որ Կառավարությունը շարունակում է խրախուսել արևային կայանների տարածումը։Նա հավելեց, որ այժմ բավականին հետաքրքիր ծրագրեր կան, որոնք կապված են քամու կայանների տեխնոլոգիայի հետ, և դրանք ընթացքի մեջ են։


«Կարծում եմ՝ վարվող այս քաղաքականությունը բալանսավորված է և ճիշտ, ու մենք ոչ միայն սեփական էներգետիկ պահանջները կարողանում ենք բավարարել, այլև էլեկտրաէներգիա արտահանող երկիր ենք և ցանկություն ունենք այդ արտահանման ծավալները մեծացնել։ Մասնավորապես, Իրանի հետ հիմա կառուցվում են էլեկտրահաղորդման մեծ գծեր, որոնք կավելացնեն դեպի Իրան արտահանվող  էլեկտրաէներգիայի թողունակությունը, իսկ մենք Իրանի հետ ունենք բավական հետաքրքիր և երկու երկրների համար օգտակար պայմանագիր, որով իրանական գազը, ներմուծվելով Հայաստան, վերածվում է էլեկտրաէներգիայի և արտահանվում է Իրան», - մանրամասնեց ՏԿԵ նախարարը:

Պատահարներ