Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը, սա պատերազմի հայտարարություն է. «Հըզբոլլահ»-ի առաջնորդ
Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը՝ վտանգելով մեծ թվով խաղաղ լիբանանցիների կյանքը: Այս մասին հայտարարել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան:
«Հակառակորդը անցել է բոլոր կարմիր գծերը ՝ վտանգելով Լիբանանում մեծ թվով խաղաղ քաղաքացիների կյանքը», - հայտնել է Նասրուլլան լիբանանյան հեռուստաալիքների կողմից հեռարձակվող ուղերձի ընթացքում:
Նա իր ելույթի ժամանակ Իսրայելին մեղադրել է Լիբանանում փեյջերներ պայթեցնելու մեջ:
Նասրուլլայի համոզմամբ՝ Իսրայելի իշխանությունները գիտեին, որ 4000-ից ավելի փեյջերներ կան և միաժամանակ փորձել են սպանել 4000 մարդու։ Նրա տվյալներով՝ նույնը կրկնվել է երկրորդ օրը՝ նպատակ ունենալով սպանել դյուրակիր ռադիոսարքեր ունեցող հազարավոր մարդկանց։
«Հըզբոլլահ»-ի առաջնորդը Լիբանանի դեմ հարձակումները «ահաբեկչական ակտ» և «զանգվածային սպանություն» է որակել: Նա ընդգծել է, որ այդ գործողությունները պատերազմի հայտարարություն են Լիբանանի ժողովրդին և երկրի ինքնիշխանությանը։
Ըստ «Հըզբոլլահ»-ի առաջնորդի՝ շարժումը ստեղծել է մի շարք քննչական հանձնաժողովներ՝ ուսումնասիրելով տարբեր սցենարներ։ Նա նշել է, որ բոլոր մանրամասները կպարզվեն, բայց հապճեպ եզրակացություններ անել պետք չէ։ Միևնույն ժամանակ Նասրալլան խոստովանել է, որ «աննախադեպ» հարձակումները լուրջ հարված են հասցրել անվտանգությանը։