ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինացի բռնցքամարտիկ Ուսիկին ձերբակալել են Լեհաստանի օդանավակայանում. Զելենսկին վրդովված է

Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկին սեպտեմբերի 17-ի երեկոյան, Լեհաստանում ձերբակալել են Կրակովի օդանավակայանում։ Այս մասին հայտնել է ուկրաինացի մարզիկ և քաղաքական գործիչ Ժան Բելենյուկը։


Ավելի ուշ Ուսիկի կինը՝ Եկատերինան, ասել է, որ բռնցքամարտիկի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա խոսքով, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, և շուտով մարզիկը ինքն ամեն ինչ կպարզաբանի։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուսիկի հետ, որից հետո բռնցքամարտիկին ազատ են արձակել։


Երկրի ղեկավարը հանձնարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգային և ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոյին հասկանալ իրավիճակը։


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխին ասել է, որ գերատեսչությունը մտադիր է բողոքել Լեհաստանին Ուսիկի կալանավորման համար։ Նա ընդգծել է, որ Կիևը կտրականապես չի ընդունում բռնցքամարտիկի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը։


Ավելի ուշ Ուսիկը տեսանյութ է ձայնագրել Կրակովի օդանավակայանում բերման ենթարկվելուց հետո. «Ամեն ինչ լավ է, ես ազատ եմ»:


Բռնցքամարտիկը շնորհակալություն է հայտնել ուկրաինացի և լեհ դիվանագետներին, ինչպես նաև նախագահին՝ իր համար անհանգստանալու և իր ազատ արձակման վրա անձամբ աշխատելու համար։ Նա հավելել է, որ օդանավակայանում «որոշ թյուրիմացություններ» են եղել, բայց հիմա ամեն ինչ լավ է։


Միաժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան ասել է, որ գերատեսչությունը նոտա կուղարկի Լեհաստան՝ Ուսիկի կալանավորման կապակցությամբ։


«Մենք նման գործողությունները համարում ենք անհամաչափ և անընդունելի մեր չեմպիոնի նկատմամբ և համապատասխան նոտա կուղարկենք լեհական կողմին»,- ասել է նա։