Առնվազն 15 զոհ կա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում սաստիկ ջրհեղեղների հետևանքով

Առնվազն 15 մարդ, վերջին տվյալներով, դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում սաստիկ ջրհեղեղների զոհ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:


Չեխիայում անցած շաբաթավերջին առնվազն քառորդ միլիոն տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության: Իրավիճակն ամենածանրն է երկրի արևելքում՝ Մորավիայում և Սիլեզիայում։ Փրկարարները Օպավա, Յեսենիկ, Կրնով և այլ քաղաքներից տարհանել են որոշ բնակիչների և ընտանի կենդանիների։


Ականատեսները հայտնում են փլուզված տների, կապի բացակայության, խմելու ջրի բացակայության, կոտրված մեքենաների մասին:


Չեխիայում մի քանի կարևոր ճանապարհներ շարունակում են փակ մնալ։ Երկաթուղու սահմանափակումները պահպանվում են՝ գնացքների երթևեկությունը դադարեցվել է շատ տարածքներում։ 


Չեխիայի խոշոր արդյունաբերական քաղաքում՝ Օստրավայում, իրավիճակը շարունակում է մնալ լուրջ։ Այնտեղ ճանապարհները փակ են, իսկ գնացքների սպասարկումը՝ սահմանափակ։ Փրկարարները քաղաքի մի շրջանից տարհանել են ավելի քան 500 մարդու։


Սակայն երկուշաբթի երեկոյան Չեխիայի մի շարք շրջանների իշխանությունները հայտնել են, որ ջրի մակարդակը սկսել է նվազել:


Պրահայի իշխանությունները հայտնել են, որ Չեխիայի մայրաքաղաքում իրավիճակը կայուն է, սակայն հեղեղումների սահմանափակումները պահպանվում են։ Քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել զբոսայգիներում չքայլել հողի էրոզիայի և ծառերի տապալման վտանգի պատճառով և սահմանափակել անձնական մեքենաների օգտագործումը, որպեսզի չխանգարեն շտապօգնության ծառայությունների շարժին։


Չեխիայի բնակիչների կրած վնասի ճշգրիտ չափը դեռ չի հաշվարկվել։


Լեհաստանի կառավարությունը երկուշաբթի օրը բնական աղետ է հայտարարել ջրհեղեղից տուժած շրջաններում՝ հիմնականում Չեխիայի հետ սահմանին՝ Լեհաստանի հարավ-արևմուտքում: Այնտեղ մի քանի ջրամբարներ են կոտրվել։


Գլուխոլազի քաղաքում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել: Ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Կլադսկոն է, որտեղ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության և կապի։


Ռումինիայում ջրհեղեղից ամենաշատը տուժել է Գալաթի շրջանը, որը գտնվում է Մոլդովայի սահմանի մոտ: Որոշ գյուղերում ջրի բարձրությունը հասել է մինչև մեկուկես մետրի։ Մի քանի հազար տներ լրջորեն վնասվել են։ Հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները և տեղափոխվել հանրակացարաններ կամ ժամանակավոր ճամբարներ:


Ավստրիայում Դանուբի վտակ Թրեյզեն գետի մոտ 25 հազար բնակչություն ունեցող Լիլիենֆելդ քաղաքը շարունակում է կտրված մնալ արտաքին աշխարհից։ Ավստրիան նաև հայտնում է մի քանի վնասված ամբարտակների մասին:


Ջուրը բարձրացել է նաև Վիեննայում, որտեղ մետրոյի որոշ գծեր փակ են։


Հունգարիան պատրաստվում է հնարավոր ջրհեղեղներին. Բուդապեշտում Դանուբի ափերն ամրացված են ավազի պարկերով։


Կատակլիզմի պատճառը «Բորիս» հզոր ցիկլոնն էր, որը տեղակայված էր Կենտրոնական Եվրոպայի երկնքում։ Տուժած երկրների թվում են նաև Գերմանիան և Սլովակիան։ Անձրևային եղանակը կանխատեսվում է մինչև երեքշաբթի։

Քաղաքականություն