«Ինչո՞ւ եք հորս թիրախավորում». ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր, որ կարիերային զուգահեռ ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։


Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց ուղղեց ՀՀ ոստիկանապետի որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։


-Պարո՛ն Հովհաննիսյան, սեպտեմբերի 5-ին բացահայտվեց, որ Դուք զավթել եք Շենգավիթի ոստիկանության կայանատեղին, ինչպե՞ս եք հաջողեցրել ոստիկանությունից տարածք վերցնել:


-Նախ, ևս մեկ անգամ կրկնեմ, որ նշված տարածքը ոստիկանության տարածք չի եղել. եթե դա լիներ ոստիկանության ենթակայության ներքո, ապա այն վաճառելու իրավունք կունենար պետական գույքի կառավարման կոմիտեն, ոչ թե քաղաքապետարանը։ Այստեղից հետևություն, որ տվյալ հողատարածքը եղել է համայնքային սեփականություն, որի սեփականատերը տվյալ ժամանակահատվածում եղել է համայնքը և համայնքի ավագանին։ Իսկ ես տարածքի աճուրդի մասին տեղեկացել եմ քաղաքապետարանի կողմից տեղադրված հայտարարությունից, որին կարող էին ծանոթանալ բոլորը: Օրենքով սահմանված բոլոր կետերը պահպանելով՝ մասնակցել եմ աճուրդին և գնել այն։


-2015 թվականին բավականին երիտասարդ եք եղել, ինչպե՞ս է ստացվել, որ այդքան գումար եք աշխատել ու տարածք գնել քաղաքապետարանից, հետո էլ՝ շինություն կառուցել։


-Նախ, նշեմ, որ ես վաղ հասակից զբաղվել եմ անհատ ձեռնարկատիրությամբ, նաև գյուղատնտեսությամբ, և գումար եմ վաստակել։ Այդ ժամանակ պետական որևէ պաշտոն չեմ զբաղեցրել։ Ինչ վերաբերում է շենքը կառուցելուն, ապա շինությունը կառուցել եմ բանկից ստացված վարկի միջոցով։ Մինչ օրս էլ վճարումներ եմ կատարում, մարում եմ վարկը։



-Վստահորեն պնդում եք, որ Ձեր հայրը առնչություն չունի այս ամենի հետ, իսկ եթե, այնուամենայնիվ, հակառակն ապացուցվի՞։




-Այսօր հրապարակված հոդվածում ավելի շատ շոշափվում է հորս, քան թե իմ անունը։ Այսինքն՝ հոդվածի թիրախը ոչ թե ես էի, այլ հայրս։ Պարզից էլ պարզ է, որ նրա մասնագիտական գործունեությանն էր առնչվում:



Քաղաքականություն