Դուրովի և նրա եղբոր նկատմամբ ձերբակալության օրդեր է տրվել դեռ մարտին. Politico
Դեռ մարտին Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալության օրդեր էին տվել ոչ միայն Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի, այլեւ նրա եղբոր՝ Նիկոլայի, ով նույնպես մասնակցել է հայտնի մեսենջերի ստեղծմանը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր խմբագիրների տրամադրության տակ գտնվող պաշտոնական փաստաթղթին։
Փաստաթղթից հետևում է, որ Telegram-ի նկատմամբ հետաքննությունը սկսվել է ավելի վաղ, քան հաղորդվում էր։ Առաջին հերթին դա կապված է ընկերության՝ մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործությունների հետաքննության հարցում իշխանությունների հետ համագործակցությամբ: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է մի դեպք, երբ Telegram-ը հրաժարվել է բացահայտել օգտատիրոջ անձնական տվյալները, ով տարածել է երեխաների մասնակցությամբ իր պատրաստած պոռնո տեսանյութերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պավել Դուրովը ձերբակալվել է հուլիսին անհայտ անձի դեմ հարուցված 12 հոդված ներառող գործով, սակայն գործին Նիկոլայ Դուրովի մասնակցության մասին չի հաղորդվել։
Օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի օդանավակայանում բերման ենթարկված Դուրովի նախնական կալանքի ժամկետը լրանում է այսօր երեկոյան։ Նրան կամ պետք է ազատ արձակեն կամ նրա նկատմամբ պաշտոնապես պետք է մեղադրանք առաջադրվի։
Դուրով եղբայրների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել Politico-ի հրապարակումը։