Վրաստանում կարող են ուղղափառությունը պետական կրոն դարձնել
Վրաստանի իշխանությունները մտադիր են ուղղափառությունը պետական կրոն հռչակել եւ այդ հարցը քննարկում են հոգեւորականների ներկայացուցիչների հետ։ Այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն։
Ավելի վաղ ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը հայտնել էր, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նախատեսում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել։ Սա այն սահմանադրական փոփոխությունն է, որի մասին կուսակցությունը նախապես հայտարարել էր՝ չասելով, թե կոնկրետ ինչ է դա։ Կուսակցության օգոստոսի 20-ի հայտարարության մեջ խոսվում էր հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության մասին։ Փաստաթղթում թվարկված են մի քանի կետեր, որոնց համար անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն։ Ի թիվս այլոց, հայտարարության մեջ ասվում էր, որ իշխող կուսակցությունում բանակցություններ են ընթանում մեկ հարցի շուրջ, որի մասին հայտնի կդառնա ավելի ուշ։
«Նման առաջարկ եղավ իշխանությունների կողմից, այս դեպքում մենք պետք է կենտրոնանանք բովանդակության վրա.... Սա պետք է դիտարկել այն համատեքստում, որ իշխանությունները ցանկանում են էլ ավելի ամրապնդել եկեղեցու դերն ու կարգավիճակը»,- ասել է Ջագմաիձեն:
Նրա խոսքով՝ ինքնին «պետական կրոն հռչակել» ձևակերպումն այնքան էլ հիմնարար չէ։ Նա նաեւ հաստատեց, որ օգոստոսի 26-ին Պատրիարքարանում եպիսկոպոսների մասնակցությամբ ժողով է տեղի ունեցել, սակայն այն եղել է ինքնաբուխ, եւ ոչ բոլոր թեմակալ առաջնորդներն են մասնակցել դրան։ Քննարկումը նախատեսվում է շարունակել օգոստոսի 29-ին։
Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին իշխող կուսակցության՝ ուղղափառությունը պետական կրոն հռչակելու ծրագրերի մասին, հոգեւորականության մի քանի ներկայացուցիչներ քննադատեցին այդ գաղափարը։ Մասնավորապես, արքեպիսկոպոս Զենոնը (Իարաջուլի) ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դա նշանակում է եկեղեցու ինստիտուտի ենթակայություն պետությանը։ Նրա խոսքով, Եկեղեցու բնույթն ինքնին ենթադրում է, որ այն պետական համակարգում վարչական մարմին չի ներկայացնում։ Ինչպես նշել է արքեպիսկոպոսը, այս որոշումը կարող է ուղղված լինել եկեղեցու ինստիտուտի ոչնչացմանը և պետական ժողովրդավարական կառավարման ճանապարհից երես թեքվելու փորձ լինել։
Վրաստանի գործող սահմանադրության համաձայն՝ պետությունը ճանաչում է Վրաստանի ուղղափառ եկեղեցու հատուկ դերը երկրի պատմության մեջ և նրա անկախությունը պետությունից։ Պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են սահմանադրական համաձայնագրով, որը կնքվել է 2002 թվականին և ստորագրվել նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի կողմից։