Վանաձորի բնակիչը մի շարք անձանց գումար տրամադրելով՝ շահագրգռել է մասնակցել ցույցերի. մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, հավաքին մասնակցելու նպատակով, անձանց նյութապես շահագրգռելու, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:


Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչին առնչվող այլ քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նրա բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և վերցվել են ձեռագիր գրառմամբ 5 ցուցակ՝ բազմաթիվ անձանց անուններով, որոնց դիմաց նշված են եղել տարբեր չափերի գումարներ:


Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա է դարձել խուզարկությամբ հայտնաբերվածը, և դրա արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ ևս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը, համատեղ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է նախորդիվ նշված քրեական վարույթին։


Քննությամբ պարզվել է, որ Վանաձորի հիշյալ բնակիչը, 2024թ․ ապրիլ ամսին Տավուշի մարզում սկսված և մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցություն ապահովելու նպատակով, ինքնությունը դեռևս չպարզված մի շարք անձանց շահագրգռել է՝ տարբեր չափերի գումարներ տրամադրելով, իսկ ինքնությունը պարզված մեկ անձի խոստացել է օժանդակել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում աշխատանքի ընդունվելու հարցում:


Վարույթի շրջանակներում կատարված անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններով ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է նաև, որ Վանաձորի նշված բնակիչը տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով լրատվական կայքերից մեկին 2024թ․ մայիսի 21-ին տրված հարցազրույցում, հասարակության նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հնչեցրել է Ոստիկանության ծառայողներին հասցեագրված անպարկեշտ արտահայտություններ՝ այդ կերպ անվանարկելով, վարկաբեկելով և նվաստացնելով նրանց:


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 38-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-ր մասի 3-րդ կետով և 236-րդ հոդվածի 2-րդ մասով:


Այս մասով առանձնացված և նախաքննությունն ավարտված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։


Խուզարկությամբ հայտնաբերված ցուցակներում նշված, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռած, ինքնությունները դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Պատահարներ