ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ ՌԴ-ից պաշտոնական արձագանք լինի հայկական կոնյակի մասով, կքննարկենք, կպատասխանենք. Պապոյան

Հայաստանում կոնյակ արտադրողները դեռ որևէ դժգոհություն չեն ներկայացրել առ այն, որ դժվարություններ ունեն իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


Նրա խոսքով` Հայաստանը 2025 թվականին պետք է փորձի երկրում ստեղծել իզոտոպային լաբորատորիա։ Եթե չստացվի, կոնյակ արտադրողների առաջ կդրվի եվրոպական երկրներում իզոտոպային լաբորատորիայի փորձաքննության պարտադիր պահանջ։


«Եթե որևէ տեսակի կոնյակի սպիրտ արտահանվի Հայաստանից, ապա կունենա լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ, որ, օրինակ, շվեյցարական այսինչ իզոտոպային լաբորատորիայում այս տակառի կոնյակն անցել է փորձաքննություն, և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված սպիրտ է»,–ասաց Պապոյանը։


Նա ընդգծեց, որ այդ դեպքում կոնյակի որակի վերաբերյալ հնարավոր կլինի փաստաթղթերով խոսել և անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնել։


Նախարարը հավելեց, որ Հայաստանից արտահանվող բոլոր տեսակների կոնյակները պարտադիր իզոտոպային փորձաքննություն են անցնում ՌԴ–ում, և առանց դրա առկայության ոչ մի հայկական կոնյակ չի կարող վաճառվել ռուսական շուկայում։


Հիշեցնենք` օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: